Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Օրթոդոնտիկ բուժումն ատամների ռետենցիայի ժամանակ

Օրթոդոնտիկ բուժումն ատամների ռետենցիայի ժամանակ

Ռետենցիան ատամների ծկթման անոմալիա է, որի դեպքում ատամի սաղմը ձևավորված է, սակայն տարբեր պատճառներով չի ծկթել և մնացել է ծնոտի ոսկրի հաստության մեջ: Ռետենցիայի կարող են ենթարկվել ինչպես կաթնատամները, այնպես էլ մշտական ատամները: Հաճախ դիտվում է նաև գերկոմպլեկտ ատամների ռետենցիա:

 

Չնայած այն փաստին, որ կաթնատամների ռետենցիան հազվադեպ հանդիպող երևույթ է, այնուամենայնիվ, երբեմն դիտվում է երկրորդ կաթնատամ մոլյարների ռետենցիա, ինչը կարող է հանգեցնել նաև մշտական պրեմոլյարների ծկթման խանգարման: Առավել հաճախ ռետենցվում են վերին ժանիքները, երկրորդ պրեմոլյարները, իմաստության ատամները: Ռետենցված ատամները հաճախ առաջացնում են նաև հարևան ատամների դիրքի փոփոխություն` թեքում, դիաստեմայի և տրեմաների առաջացում: Ռետենցիայի ծագումնաբանական գործոնները բազմաթիվ են և պայմանականորեն բաժանվում են տեղային և ընդհանուր գործոնների:

 

Ընդհանուր գործոններն են` գենետիկականը, ռախիտը, բնածին սիֆիլիսը, էնդոկրին խանգարումները, կոնստիտուցիոնալ խանգարումները:

 

Տեղային գործոններն են` կաթնատամների վաղաժամ հեռացումը, սաղմերի սխալ կամ խորը տեղակայումը, ոչ լիարժեք ձևավորումը, մեխանիկական արգելքները (օդոնտոմա, կաթնատամների ժամանակին չընկնելը), բորբոքային ախտընթացները, որոնց հետևանքով ռետենցված ատամները կարող են սերտաճել միմյանց և ծնոտի ոսկրի հետ, ատամների ծռվածությունը և հաստացումը, օդոնտոգեն և ոչ օդոնտոգեն բշտերը:

 

Սովորաբար ռետենցվում է միայն մեկ ատամ, չնայած, ընդհանուր գործոնների ազդեցությամբ առավել հաճախ դիտվում է բազմակի ռետենցիա: Ռետենցիայի ենթարկված ատամները հնարավոր է լիովին ձևավորված չլինեն, թեքված լինեն մեդիալ կամ դիստալ ուղղությամբ, ենթարկված լինեն տեղափոխումների: Կլինիկորեն ռետենցիան կարող է չարտահայտվել այնքան ժամանակ, մինչև ատամի շուրջ չզարգանա բորբոքային ախտընթաց, ինչը կարող է հանգեցնել պարկաբշտերի առաջացմանը, և` հակառակը: Այս պատճառով ռետենցված ատամները սովորաբար հայտնաբերվում են պատահաբար` այլ նպատակով ռենտգեն-հետազոտություն կատարելիս: Սակայն, երբեմն, հենց հիվանդը կարող է գանգատվել ատամի բացակայությունից: Օբյեկտիվ զննում կատարելիս անհրաժեշտ է համեմատել բերանի խոռոչում առկա ատամների թիվը հիվանդի ֆիզիոլոգիական տարիքի և ընդունված միջին վիճակագրական տվյալների հետ, տեղեկանալ, արդյոք, ատամները ժամանակին են ծկթել, թե` ոչ, արդյոք, հիվանդի մոտ առկա են տարբեր ընդհանուր սոմատիկ հիվանդություններ և այլն: Այն դեպքում, երբ ռետենցված ատամը մակերեսային տեղակայում ունի, այն կարելի է հայտնաբերել պալպատոր կերպով վեստիբուլյար կամ օրալ կողմից: Վերջնական ախտորոշումը դրվում է միայն ռենտգեն հետազոտումից հետո` թիրախային (հազվադեպ է կատարվում) և օրթոպանտոմոգրաֆիկ: Բուժման պլանը մշակելիս բժիշկ-օրթօդոնտի տակտիկան որոշվում է ինչպես ծագումնաբանությունից, այնպես էլ կլինիկայից ելնելով: Օրինակ, եթե պատճառը կաթնատամների վաղաժամ հեռացումն է, ապա կանխարգելման նկատառումներով պատրաստվում է կանխարգելիչ սարք` մինչև մշտական ատամի ծկթումը: Նմանատիպ սարքերի բազիսային թիթեղը ոչ միայն ապահովում է մշտական ատամի համար տեղը` խանգարելով հարևան ատամների տեղաշարժը դեպի արատի կողմը, այլև հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում ալվեոլային ելունի վրա` նպաստելով օստեոկլաստների կողմից ոսկրային թիթեղի ռեզորբցիային, ինչը նման դեպքում բավարար է ծկթման համար: Սակայն հաճախ պացիենտը դիմում է բժշկի արդեն այն դեպքում, երբ դեֆորմացիա է առաջացել ատամնաշարում` օկլյուզայի խանգարումներ, հարևան ատամների և անտագոնիստների տեղաշարժ դեպի արատը: Կամ, եթե ռետենցված ատամը տեղախախտման է ենթարկված լինում, ապա բուժումն իրականացվում է անշարժ կամ շարժական սարքերի օգնությամբ: Կատարվում է անոմալիաների և առաջացած դեֆորմացիաների շտկում:

 

Ստորև նկարագրվում է օրթօդոնտիկ անշարժ սարքով կատարված բուժումը:

 

Պացիենտը` 13 տարեկան, դիմել է բժշկի 23-րդ ատամի բացակայության գանգատով: Զննման ժամանակ դիտվել է 23-րդ ատամի բացակայություն ատամնաշարում, սակայն քմային կողմից ատամը շոշափվում է: Օրթոպանտոմոգրամայի վրա դիտվում է ռետենցված 23-րդ ատամը, որը տեղակայված է 21-րդ և 22-րդ ատամների արմատների միջև:

 

Ախտորոշումը 23-րդ ատամի ռետենցիան է:

 

Բուժման ժամանակ որոշում է կայացվել կիրառել բրեկետ-համակարգ: Ատամներին ամրացվել է«Dentaurum» ապրանքանիշի բրեկետ-համակարգ, տեղադրվել է զսպանակ 22-րդ և 24-րդ ատամների միջև, ժանիքի տեղ բացելու նպատակով: Որոշ ժամանակ անց, հիվանդը պարբերաբար հետազոտվել է` ժանիքի ծկթումը պարզելու նպատակով: Քանի որ այդ ընթացքում ծկթման հետ կապված առաջընթաց չի դիտվել, որոշում է կայացվել վիրահատական ճանապարհով մերկացնել 23-րդ ատամի պսակը: Այդ նպատակով կատարվել է օստեոտոմիա քմային կողմից և 23-րդ ատամի պսակին ամրացվել է սեղմակ, որը լիգատուրայով կապվել է հակառակ կողմի ատամներին:

Հեղինակ. ԱԱԻ-ի կլինօրդինատոր` Հասմիկ Ցուցունյան ԱԱԻ-ի օրթօդոնտիայի և օրթոպեդիայի ամբիոնի ասիստենտ` Աննա Դումանյան ԱԱԻ-ի օրթօդոնտիաի և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ` Լևոն Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ